«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գործող, տեքստիլի արտադրությամբ զբաղվող Մ․ Սիսակյան ՍՊԸ-ում 2022-2023թթ ընթացքում իրականացված ՌԱՄԱ (Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության) գնահատման արդյունքում կազակերպությունն արձանագրեց և տնտեսական, և բնապահպանական օգուտներ։
Մասնավորապես, ՌԱՄԱ փորձագետ Լիլիթ Ափուջանյանը խորհրդատվական ծառայություններ է մատուցել կազմակերպությանն՝ ուղղված ռեսուրսների արդյունավետ օգտագործման օպտիմալացմանը, ինչպես նաև թափոնների կրճատմանն ու վերամշակմանը։
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ստեղծում է մեծաքանակ տեքստիլի կտորտանք, որոնք ուղղակիորեն թափվում էին, սակայն Կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանի նորարարական մտածելակերպի և համագործակցային մոտեցումների շնորհիվ հնարավոր դարձավ համագործակցություն հաստատել տեքստիլի երկրորդային հումքից արտադրողների խմբի՝ «ԼԱԹԵ»-ի հետ, ում էլ արդեն իսկ հանձնվում են ողջ թափոնները։ ԼԱԹե-ի հրաշագործ վարպետների շնորհիվ տեքստիլի թափոններից ստեղծվում են նկարներ, պայուսակներ, բարձեր, վերմակներ և այլ բազմաթիվ ապրանքներ։ Բացի այդ, Ա․ Դանիելյանը այլ հարակից գործունեությունն էլ անցում կատարեց վերականգնվող էներգիայի կիրառմանը՝ ապահովելով արտադրության համար անհրաժեշտ ողջ էլեկտրաէներգիայի քանակը։
ՌԱՄԱ գնահատման արդյունքում կազմակերպությունը ոչ միայն ստացավ տնտեսական օգուտ, աղբահանության ծախսերի և էլ․ էներգիայի ծախսերի կրճատման շնորհիվ, այլև հնարավորություն ընձեռվեց թափոնները վերափոխել հումքի և ստեղծել նոր արտադրանք՝ մեծապես նվազեցվեց բնության և շրջակա միջավայրի վրա արտադրական համակարգերի բացասական ազդեցությունը: