2020թ. հուլիս – օգոստոս ամիսներին ԵՄ կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի և ազգային գործընկեր ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագրի շրջանակներում ԿՏԲԿ գրասենյակը Հայաստանում սկսեց ՌԱՄԱ ազգային փորձագետների համար նախատեսված մարզումների իրականացում՝ որպես ՌԱՄԱ աուդիտների համար նախապատրաստական միջոցառում, որը նախատեսված էր իրականացնել ՓՄՁ –ների համար՝ նպատակ ունենալով բարելավել վերջիններիս բնապահպանական կատարողականը և բացահայտել արտադրության կազմակերպման համար ռեսուրսաարդյունավետ ձևեր:
Մարզումների ծրագրի ընդհանուր նպատակն է ազգային փորձագետների շրջանում կարողությունների ընդլայնումը ՌԱՄԱ մեթոդաբանության և փորձի փոխանակման ոլորտներում և 15 ընկերություններում այդ հմտությունների իրականացման ցուցադրումը՝ ամրապնդելով ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության ազգային փորձը: Մարզումները կոչված են օգնելու պլաստիկի, տեքստիլի, թղթի, մետաղի վերամշակման, ձկնարտադրության և սննդամթերքի արտադրության ոլորտներում աշխատող տեղական ընկերություններին՝ ՌԱՄԱ գնահատումներ իրականացնելու և հետագայում ՌԱՄԱ գործողությունների պլաններ մշակելու՝ բարելավելով ՓՄՁ-ների արդյունավետությունն ու բնապահպանական կատարողականը, կրճատելով թափոնները, օգտագործելով կանաչ տեխնոլոգիաներ, բարելավելով էներգաարդյունավետությունը և կրճատելով նյութական կորուստները։
Ազգային գործընկերոջ տեխնիկական փորձագետներ Դշխուհի Սահակյանը և Տիգրան Սեկոյանը, UNIDO-ի ՌԱՄԱ միջազգային փորձագետ Գաբրիելա Կորդոբայի հետ սերտ համագործակցությամբ ներկայացրին կես օր տևողությամբ 4 վերապատրաստման ծրագիր, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր 3–ական մոդուլներից: Ծրագրերը հարստացված էին ՌԱՄԱ ոլորտի հայաստանյան փորձով և կիրառման գործնական օրինակներով՝ ներկայացնելով ՌԱՄԱ տեղայնացման լավագույն փորձը էներգիայի արդյունավետ օգտագործման, թափոնների կրճատման և վերամշակման, ջրային ռեսուրսների օգտագործման, նյութական ռեսուրսների կորստի նվազեցման և արտադրող ընկերություններում տնտեսական ցուցանիշների բարելավման ուղղություններում:
Չորս մարզումների ծրագրերն ընդգրկել են միջազգային և ազգային թեմաներին վերաբերող բովանդակություն՝ ՌԱՄԱ ներածություն, մաքուր արտադրության կազմակերպման հիմունքներ, էկո-դիզայն/կյանքի ցիկլի վերլուծություն, թիմ, քաղաքականություն, մոտիվացիա, նյութերի հոսքի վերլուծություն, էներգիայի հոսքի վերլուծություն, նորարարություն, ստեղծագործականություն և ընտրության տարբերակների ստեղծում, քիմիական և վտանգավոր նյութեր, ցուցանիշներ և շրջակա միջավայրի հսկողություն, թափոնների կառավարում և վերամշակում, ՌԱՄԱ աուդիտ և վերջնական հաշվետվություններ, ՌԱՄԱ-ից դեպի շրջակա միջավայրի կառավարման համակարգեր և շրջանաձև տնտեսություն:
Վերապատրաստման յուրաքանչյուր մոդուլում մասնակիցները ստացել են առաջադրանքների ցանկ, որոնք պետք էր կատարել մինչև հաջորդ հանդիպումը: Նպատակը ընկերության վերապատրաստվողների կողմից իրականացվող ինքնագնահատման միջոցով ուսուցման տեխնիկայի ներդրումն է՝ առանձին թեմաների շուրջ բարելավման հնարավորությունների բացահայտմամբ: Որպես վերապատրաստման նյութերի մաս մշակվել է Excel-ի միջավայրում աշխատող ինքնագնահատման գործիք, որն ուղղորդիչ ցուցումներ է պարունակում ռեսուրսների արդյունավետության համակարգված վերլուծության կատարման համար: Գործիքը մասնակիցների կողմից հետագայում կարող է օգտագործվել իրենց ընկերություններում:
Վերապատրաստման նպատակներից է նաև ՌԱՄԱ փորձագետների կողմից ուսուցողական մոդուլների ներկայացումը կազմակերպություններում ՝ յուրաքանչյուր ընկերության համար ՌԱՄԱ գնահատման տեխնիկական աջակցության տրամադրումը և գնահատման վերջին փուլում ՌԱՄԱ գործողությունների պլանի մշակումը: